Рубрика: Կոմիտասյան օրեր

Կոմիտասի մասին

Komitas_1902

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (ըստ հին տոմարի` հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 22-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

 

Կոմիտասի բանաստեղծությունները կարդալիս առաջանում են կարոտի, սիրո, հուզմունքի և ուրախության զգացողություններ: Բոլոր զգացողությունները միախառնվում են: